Աղբիւր՝ www.yerkir.am

 

Պոլսահայ լրագրող Ալիս Նալջըն, ի պատասխան Հայկական սփիւռքին ուղղուած` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութեանը, թէ` «որքա՞ն արխիւ ունէք», T24-ում յօդուած է գրել, որը ներկայացնում ենք ստորեւ:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ` Թուրքիայի նախագահը մի կողմից չի վարանում կրկնել իր հին` «պատմութիւնը թողէք պատմաբաններին» խօսքը, իսկ միւս կողմից` փորձում է Ցեղասպանութեան նկատմամբ քաղաքականութիւն ստեղծել` իրեն ծիծաղելի դրութեան մէջ գցող, ակադեմիկոսներին եւ պատմաբաններին անգամ զզուեցնող նոր` «դուք որքա՞ն փաստաթուղթ ունէք» հարցով:

Նախագահի այս յայտարարութիւններից յետոյ զրուցեցի մի շարք պատմաբանների հետ` այդ հարցում նրանց տեսակէտն իմանալու համար: Ստացածս պատասխանները միշտ «զզուեցնող» եւ «մեկնաբանելն անգամ անիմաստ է» էին: Եւ իրապէս, չէ՞ որ նրանց փաստաթղթերը շատ են...

«Եթէ այդպէս է` ինչու՞ են լքուած կալուածքների մասին արխիւները փակ»,- ասում է երիտասարդ պատմաբան Ումիթ Քուրթը: Անգլիայում Կոմիտասի անուան ինստիտուտի տնօրէն Արա Սարաֆեանն ասաց. «Այս հարցում լուրջ մեկնաբանութիւն չի կարող արուել: Սրանք հռետորական հնարքներ են: Մենք շատ փաստաթղթեր ունենք հայերի անհիմն տեղահանութեան եւ մեծ կոտորածների ենթարկուած լինելու մասին: Բաթման, որն այն վայրերից մէկն է, որտեղ կոտորածներ են եղել, այցելելու ենք ապրիլին: Գուցէ Էրդողանն էլ մեզ կը միանայ: Իրականում, օսմանեան արխիւներն անգամ բացատրութիւն չեն տալիս 1915 թուականին հայերի անհետացման մասին: Նրանք պաշտօնապէս ուղարկուել են Դեր Զոր` վերահաստատուելու համար: Սակայն օսմանեան արխիւներում մարդկանց` ամայի վայրերում հաստատուելու մասին անգամ չի խօսւում: Հազարաւոր մարդիկ ուղարկուեցին այնտեղ, եւ ոչ մէկը ողջ չմնաց»:

1917 թուականին Թալէաթ փաշան օսմանեան հայերի մասին մի զեկոյց պահանջեց, որի համաձայն` Դեր Զորում գրեթէ մէկը ողջ չէր մնացել: 1917-ին Դեր Զորում արուած այդ ուսումնասիրութեան արդիւնքները պահում են Ա.Գ.-ի նախարարութեան արխիւներում եւ հասանելի չեն:

Սակայն Թալէաթ փաշայի յատուկ զեկոյցում (Մուրաթ Բարդաքչըի կողմից հրապարակուած) ասւում է, որ ամբողջ Դեր Զորում 6778 հայ էր մնացել:

Այս զեկոյցը հասանելի է եւ անուանուել է «Թալէաթ փաշայի` Հայոց ցեղասպանութեան մասին զեկոյցը» Բեռլինում Թալէաթ փաշայի սպանութեան, զեկոյցի` նրա ընտանիքում պահուելու (այլ ոչ թուրքական արխիւներում) եւ դրա` յատուկ հրատարակչութեան կողմից հրապարակուած լինելու պատճառով:

Այնպէս որ` եթէ Էրդողանը լուրջ է (թէկուզեւ սխալ է) պէտք է նրան Դեր Զոր ուղարկուած հազարաւոր հայերի` ուր լինելու մասին հարցնել:

Թուրքիայի նախագահը գիտակցու՞մ է, որ շատ մտաւորականներ, պատմաբաններ, ակադեմիկոսներ եւ անգամ` իր ժողովուրդը իրեն լուրջ չեն ընդունում: Արդեօք նախագահը տեղեա՞կ է, որ այս ամէնին զուգահեռ Փարիզում Հայոց ցեղասպանութեան մասին քննարկումներ են տեղի ունենում եւ այս տարի կազմակերպուած, գուցէ եւ ամենաընդգրկուն գիտաժողովը կայանալու է իրենց մասնագիտութեանը սիրահար հազարաւոր թուրք, հայ, քուրդ, հրեայ, եւրոպացի եւ ամերիկացի պատմաբանների մասնակցութեամբ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքոյ կազմակերպուած այդ գիտաժողովը կրում է «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանութիւնը» խորագիրը: Գրեթէ բոլոր պատմաբանները, ովքեր մինչ այսօր Հայոց ցեղասպանութեան մասին ուսումնասիրութիւններ են արել, այնտեղ կը լինեն:

(Նրանք, ովքեր հետաքրքրուած են, կարող են այցելել այստեղ):

Պատմութեան մասին պատմաբաններն արդէն վաղուց են խօսում: Անգամ` օսմանեան արխիւների փաստաթղթերով են խօսում: Ձեր ասած այդ «միլիոնաւոր» փաստաթղթերով...

Մի բան կայ, որ Էրդողանը մոռանում է. օսմանեան արխիւները միեւնոյն ժամանակ հայերի արխիւներն են: Ցեղասպանութեան ամենամեծ փաստն էլ այդ արխիւների փաստաթղթերն են: